ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱրՊՀ-Ի ՀԵՏ

Նոյեմբերի 16-17-ը ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը դասախոսություններով հանդես եկավ Արցախում՝ Ստեփանակերտում և Շուշիում: Մասնավորապես՝ Արցախի պետական համալսարանի ղեկավարության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ մշակելու համագործակցության պայմանագիր, աշխուժացնելու համար շփումները երկու բուհերի ուսանողության և դասախոսների միջև՝ համապատասխան ծրագրերի շրջանակներում: ԵԹԿՊԻ-ի ռեկտորին ընդունեց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Անդրադարձ կատարվեց մեր բուհի ուսանողների զորամասերում գեղարվեստական ելույթներին, ինչը հնարավոր դարձավ Պաշտպանության նախարարության և ԱՀ Մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ՝ նմանատիպ ծրագրերը առաջիկայում շարունակելու և զարգացնելու հեռանկարով: ԵԹԿՊԻ-ի ռեկտորը հանդիպում ունեցավ նաև Արցախի կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

ԵԹԿՊԻ-Ի ՌԵԿՏՈՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Նոյեմբերի 16-ին ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում հանդես է եկել «Մշակույթը՝ պետականաստեղծ համակարգ» թեմայով դասախոսություններով:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է գործընկերոջ այցը Արցախի մայր բուհ, կարևորել միջհամալսարանական շփումներն ու կապերը, մասնագիտական փորձի փոխանակումը: 
Դասախոսության ընթացքում Դ. Մուրադյանը ներկայացրել է իր տեսակետը հայկական մշակույթի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերակատարության մասին:
Բանախոսի բնորոշմամբ Հայաստանն աշխարհագրական դիրքով, պատմությամբ և մշակույթիկազմաբանությամբ քաղաքակրթական հավասարակշռության երկիր է, իսկ հայ մշակույթը կարող է երկխոսության մեջ մտնել ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան մշակույթների հետ: «Հայ մշակույթը հասկանում է արևելյան և արևմտյան քաղաքակրթության նշանայինհամակարգը: Ուստի և այս իմաստով մենք հիանալի քաղաքակրթական համակեցությանօրինակ ենք: Մշակույթը հիշողություն է, այն ի սկզբանե ստեղծում է մի պատմական տարածություն, որտեղ կարող ես ապրել հազարամյակներ շարունակ: Մշակույթը պետականաստեղծ համակարգ է, հայրենիք է: Ոչ թե երկիրն է մշակույթ ստեղծում, այլ մշակույթն է ստեղծում երկիրը: Ինչպիսի մշակույթ ունենաս, այնպիսինը կլինի նաև երկիրը: Եվ եթե հողը առանց մշակույթի աշխարհագրություն է միայն, ապա մշակույթի հետ միասին արդեն հայրենիք է: Եթե այդ հողը մշակեցիր, հողը քեզ համար երգ կծնի, բանաստեղծություն կծնի, այդ հողի վրա եկեղեցի, տուն կառուցեցիր, դու կունենաս հայրենիք, որը քեզ կտա դեմք, դիմագիծ, ես-ի գիտակցություն»,- կարևորում է Դ. Մուրադյանը մշակույթի դերը պետականաստեղծման, պետականակերտման և ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:

Տեղեկացնենք, որ ԵԹԿՊԻ-ի ռեկտորը մեկ օր անց նույն թեմայով հանդես է եկել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

Տեղեկատվությունն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները դիտել` այստեղ:

Տեսանյութը դիտել` այստեղ: